«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Այսօր ես այնքան ազատ եմ, որ կարող եմ ազատ մահանալ»

«Այսօր ես այնքան ազատ  եմ, որ կարող եմ ազատ մահանալ»
26.10.2012 | 12:07

«Իրատես de facto»-ի հյուրն է գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

-Պարոն Թովմասյան, Դուք հաճախ եք մեկնում Ֆրանսիա, պատմեք, թե ինչ ծրագրերով եք զբաղվում այնտեղ:
-Իմ մեկնումներն ինքնանպատակ չեն: Ամեն տեղ էլ արվեստագետը, մարդը կարողանում է ինքնարտահայտվել: Ինձ Ֆրանսիայում շատ գնահատում են` իբրև արվեստագետի: Իհարկե, չեմ ժխտում, որ արվեստագետը միշտ և ամենուր ունի դժվարություններ: Բայց, այսուհանդերձ, ես Ֆրանսիայում պարբերաբար բացում եմ իմ անհատական ցուցահանդեսները, որոնց շնորհիվ իմ ինքնարտահայտումն ավելի ցայտուն է դառնում, և դա նպաստում է իմ ինքնահաստատմանը: Առաջներում մասնակցել եմ նաև խմբակային ցուցահանդեսների` քիչ թե շատ ինձ նման մտածող ընկերներիս հետ: Հայաստանում ես, կարելի է ասել, հիմնել եմ մի շարժում, որը կոչվում էր «Միջուկային կենտրոն»: Դրանում ընդգրկված էին շատ լուրջ նկարիչներ (Մարտին Պետրոսյան, Քիքի (Գրիգոր Միքայելյան), Գարիկ Կարապետյան, ուրիշներ), ովքեր կանգնած են եղել այն կոնցեպտի հիմքում, որը ես առաջարկել եմ 80-ական թվականներին:
-Ո՞րն է այդ կոնցեպտը:
-Ժամանակակից արվեստի ներմուծումն է Հայաստան: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արեց Մինասը: Իր խնդիրն էքսպրեսիվ աբստրակցիոնիզմի ներմուծումն էր, կուբիզմից անցումը դեպի աբստրակցիոնիզմ և դեպի ազատ արվեստ` ընդհանրապես:

-Ազատ արվեստ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ հասարակությունն ազա՞տ լինի, թե՞ անազատ հասարակության պայմաններում էլ կարելի է ստեղծել ազատ արվեստ:
-Իհարկե, կարևոր է, որ հասարակությունն ազատ լինի: Բայց նաև անազատ հասարակության պայմաններում է ստեղծվում ազատ արվեստ: Դրա ցայտուն օրինակները կային 20-րդ դարում ցարական Ռուսաստանում` Կանդինսկի, Լիսիցկի, ուրիշներ: Նրանք դրեցին սուպրեմատիզմի և աբստրակցիոնիզմի հիմքը և հավասար քայլում էին ազատ Եվրոպայի արվեստագետների հետ: Այնտեղ Դելոնեն, Պիկասոն, նրանց քիչ հարող Բրակն էին, Ռուսաստանում` Մալևիչը, Կանդինսկին, Լիսիցկին, ուրիշներ:
-Այսօրվա՞, թե՞ խորհրդային ժամանակների Հայաստանն էր ավելի պարարտ հող ստեղծում ազատ արվեստ ստեղծելու համար:
-Ընդհանուր գծերով կարելի է այդ երկու ժամանակները համեմատել, և համեմատությունը չի լինի հօգուտ ներկա ժամանակների: Հիմա մենք չենք կարողանում օգտվել մեր ունեցած ազատությունից: Հիմա մարդն ազատ է: Ես դա ասում եմ` նկատի ունենալով ինձ և իմ ընկերներին: Մենք ազատ ենք: Առանձին հարց է, որ մեզ մշակույթի նախարարությունը կամ նկարիչների միությունը ֆինանսներ չեն տալիս: Այսուհանդերձ, մենք իրավունք ունենք ազատ ապրելու և ստեղծագործելու: Ես փողից չեմ ուզում խոսել, որովհետև եթե խոսեմ, արվեստագետի իմ էությունը դուրս կգա միջիցս: Ես խոսում եմ արվեստի, հոգու ազատության մասին: Դա այսօր տրված է մեզ: Բայց ես անձամբ ազատ եմ եղել նաև խորհրդային ժամանակներում: Եվ այդ ժամանակներում վկայությունը, որ ես կամ, ավելին է եղել, քան այսօր: Այսօր ես այնքան ազատ եմ, որ կարող եմ ազատ մահանալ: Այսօր վկայություն չկա, թե ով եմ ես: Ես գոյություն չունեմ ուղղակի: Մարդն այսօր կարող է գոյություն չունենալ այստեղ: Այսպիսի դիլեմաներ են ստեղծվել:

-Ձեր աշխատանքներում առկա են միֆոլոգիան, դոնքիշոտյան թեմաները, կրկեսը. վերջինը, իմ ընկալմամբ, շատ լայն պայմանական դրսևորմամբ եք ներկայացնում: Այս ամենն այսօրվա պրիզմայո՞վ է անցնում Ձեր նկարներում, թե՞ արդի իրականությունից կտրված իրողություն է:
-Թեման առիթ է` այսօրվա իրականությունը ցուցադրելու: Կարևորն այն է, թե այսօրը ցուցադրելու ինչ ռիթմ, ինչ վերաբերմունք, ինչ աշխարհընկալում ես ունեմ: Պարզ է, որ Դոն Քիշոտը մեզ հետ չէ, բայց մեր մեջ ապրում է: Եվ շատ մարդիկ այդ վիճակում են: Դա սերտորեն կապված է մեր իրականության հետ: Ինձ սկզբում մոդեռնիստ էին համարում: Հետո հասկացան, որ լուրջ արվեստ է իմ արվեստը: Ես ընդունվեցի, և դա դուր չեկավ որոշ մարդկանց. սկսեցին ասել, որ ես արդեն հին եմ:
-Մոդեռնիստից վերածվեցիք հին արվեստի ներկայացուցչի՞:
-Այո՛: Նույն բանը կատարվեց նաև Ֆրանսիայում: Հիմա ես շատ բարձր եմ գնահատվում Ֆրանսիայում: Եվ ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ կասեն իմ մասին: Հնացել եմ, թե նոր եմ, ինձ համար կարևոր չէ: Մեծ և փոքր կտավ չկա: Կան ընդամենը նկարչի աշխարհըմբռնումը, նյարդային համակարգը, զգացողությունները, վերլուծության ընդունակությունները և հիմքը: Իսկ հիմքը դասականն է: Դասականից դուրս չկա արվեստ: Ազատությունը, որ մենք ունեցանք, որ մեզ նվիրեց 20-րդ դարը, մեզ դրեց մի վիճակի մեջ, որ մենք մեզ ավելի ազատ ենք զգում, քան մողեսը` տափաստանում: Հիմա մենակ է արվեստագետը, չկան դպրոցներ, չկան «իզմեր»: Չես կարող ասել մի բան, հետևել մի բանի և ուրիշներին հետևիցդ տանել: Կարևորը միայն քո կոնցեպտն է, քեզ համար ընտրածդ ճանապարհը: Կարևոր է ամեն ինչի հեղինակային լինելը: Իսկ դա շատ դժվար բան է: Ինքդ պիտի որոշես ամեն բան: Պիտի ընտրես քո լայն կամ քարքարոտ ճանապարհը: Դու որևէ դպրոցում չես սովորել: Չկա այն դպրոցը, որը, ասենք, տվեց Լեոնարդոյին: Ծայրից ծայր ինքդ ես որոշում. կոմպոզիցիաները, լուսային էֆեկտները, գունային հասկացություններն ու համադրությունները: Ամբողջը պիտի որոշի արվեստագետը: Դա սոսկալի ծանր բեռ է նկարչի համար: Երբ մարդը հիմա նստում ու պարզապես մի պեյզաժ է նկարում, դա այլևս ոչինչ չի նշանակում: Նա պետք է այդ պեյզաժի, այդ իրի իր ընկալումը տեղադրի կտավի վրա: Երբ ես նայում եմ նկարչի աշխատանքին, արդեն ամեն ինչ գիտեմ այդ նկարչի մասին:

-Դուք մասնակցել եք նաև երաժշտական փառատոնի: Ինչպիսի՞ն են երաժիշտների ընկալումներն իրենց արվեստի և աշխարհի փոխհարաբերությունների մասին:
-Նույն խնդիրները նաև նրանք ունեն: Նրանք էլ ընդունում են, որ վերջացել է երաժշտությունը: Ես մտերիմ կոմպոզիտոր ընկերներ ունեմ, որ փորձում են ստեղծել նոր ստրուկտուրաների վրա հիմնված երաժշտություն, հետո տեսնում են, որ շատ շուտ սպառվում են: Երկու-երեք ստեղծագործությունից հետո սպառվում են: ՈՒ ի՞նչ պիտի անեն: Կրկին դիմում են դասական, մելոդիկ ստրուկտուրաներին: Այս ազատության, այս գերազատության մեջ շատ շուտ սպառվում է արվեստագետը: Եվ կարիք ունի կրկին անդրադառնալու ինչ-որ բանի: Սա շատ հատուկ էր Պաբլո Պիկասոյին: Հենց որ նա սպառվում էր, սկսում էր դասական ձևի մեջ նկարել: Դասականից կրկին ստանում էր իմպուլսներ և ամբողջ մի պերիոդ էր ստեղծում. հունական պերիոդ, վարդագույն պերիոդ, կուբիստական պերիոդ: Հազար ու մի պերիոդ ունեցավ այդ մարդը: Հասունանում էր, սպառվում էր թեման, մարդը ձանձրանում էր, կրկին վերադառնում դասականին, ապա թևակոխում նոր պերիոդ: Պիտի վերադառնաս դասականին, լցվես այդ ճշմարտությունով, որ կարողանաս շարունակել նկարել:
-Երևանի ժամանակակից արձանագործների մասին ի՞նչ կասեք:
-Ոչինչ չեմ կարող ասել:
-Ինչպե՞ս եք գնահատում նստարաններին տեղադրված մեր մեծերի` Չարենցի, Սևակի, Մհեր Մկրտչյանի, Հրանտ Մաթևոսյանի արձանները:
-Չեմ գնահատում: Դա լավ չէ: Բայց նորմալ է: Բոլոր քաղաքներում էլ կան ձախողակ արձաններ: Ես կարող եմ առանձնացնել Երևանի այն արձանները, որոնք հաջողված են:
-Որո՞նք են։
-Եթե աշխարհում հինգ-վեց հաջողված արձան կա, դրանցից մեկը մեր Սասունցի Դավթինն է: Վատը չէ նաև Միքայել Նալբանդյանի արձանը: ՈՒրիշ անուն կդժվարանամ ասել:
-Խոսեցիք նյարդային համակարգի ազդեցության մասին արվեստագետի ստեղծագործության վրա: Ձեր նյարդային համակարգը Հայաստանո՞ւմ է առավել տրամադրում ստեղծագործական աշխատանքի, թե՞ Ֆրանսիայում:
-Տարբերություն չկա: Ես կդժվարանամ հստակ գծել տարբերությունները: Երկու տեղում էլ կան դժվարություններ: Կան ընդհանուր օրենքներ, որոնք գործում են ամբողջ աշխարհում: Եվ կա մի մեծ չարիք, որը սպառնում է արվեստագետին ամենուր: Դա գլոբալիզացիան է: Դա ուղղված է անհատականության դեմ: Հիմա ամեն ինչ հասցվել է միջոցառման մակարդակի: Առաջ չկային, իսկ հիմա լայնորեն տարածված են բիենալեները, փառատոները, էքսպոները: Որտեղ որ կան այս բառերը, այդտեղ արվեստը գոյություն չունի: Եթե արվեստագետն սկսում է մասնակից դառնալ այդօրինակ միջոցառումների, ինքն իրեն կորցնում է: Իսկ այն արվեստագետը, որ չի մասնակցում նման միջոցառումների, ընդհանրապես մենակ է և շրջապատ չունի: Ա՛յ այդպիսի դիլեմա կա: Եվ այսօրվա արվեստագետի պրոբլեմը դա է: Կարելի է ասել, որ կա համաշխարհային դավադրություն արվեստագետի դեմ:
-Արվեստագետն իր աշխարհի մեջ պարփակված, ինքն իր համար ինչ-որ բան ստեղծող անհատականություն է: Բայց ստացվում էր, որ նրան անհրաժեշտ են նաև միջավա՞յրը, շրջապա՞տը: Վերջին հաշվով, նա ստեղծագործում է ոչ թե իր, իր հոգու, այլ ուրիշների՞ համար:
-Եթե դու չես անդրադառնում հայելու մեջ, դու գոյություն չունես: Հայելին հենց հասարակությունն է: Եթե դու չես անդրադառնում հասարակության մեջ, գոյություն չունես: Ո՞նց կարող ես իմանալ` դու կա՞ս, թե՞ չկաս: Սուտ բան է այն տեսակետը, թե արվեստագետն ինքնաբավ է: Արվեստագետը (կոնկրետ դեպքում` ես) օգտագործում է իրենից առաջ եղած ցանկացած նվաճում իր ստեղծագործության մեջ: Իմ ստեղծածն էլ դառնում է պաշար, որից հետագայում պիտի օգտվեն եկող սերունդները: Ամեն ինչ փոխշաղկապված է: Եվ ազատ մարդն ինքն է որոշում, թե որն է իր ճանապարհը, որ ճանապարհով ինքը պիտի քայլի:
-Դուք որոշել-վերջացրե՞լ եք, թե՞ որոշման ընթացքի մեջ եք:
-Ես ինձ շատ չկայացած կհամարեի, եթե դեռ որոշած չլինեի: 1976-ին` գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո, բացվեց իմ անհատական ցուցահանդեսը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, որը հիմք դարձավ իմ հետագա ողջ գործունեության համար: Այդ ցուցահանդեսը հենց այնպես չի բացվել: Ռոբերտ Էլիբեկյանը և Հենրիկ Իգիթյանը տեսան իմ գործերը և որոշեցին, որ պետք է բացել ցուցահանդես: Դա ժամանակակից արվեստի թանգարանի առաջին ցուցահանդեսներից մեկն է եղել: Ես այդ ժամանակ փոքր չէի, քսանութ տարեկան էի, և իմ մեջ կային մեծ կուտակումներ: Այդ ժամանակից էլ իմ մեջ դրվեցին ստեղծագործական հիմքերը, որոնք չեն սասանվել մինչև այսօր: Արվեստում էական են ուժեղ արվեստագետի ձիրքը, կամային քայլվածքը, որոնք շատ դժվար է հաստատել: Արվեստագետի լինել-չլինելը կախված է հասարակության կիրթ կամ անկիրթ լինելուց: Հասարակության կրթվածության աստիճանով է պայմանավորված, թե ինչպիսի արվեստագետ կտա այդ հասարակությունը: Սա շատ ցավոտ խնդիր է: Մեզանում շատ դժվար է կայանալը: Անհնարին չէ, բայց դժվար է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ